ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ավելի սուրբ հող, քան մեր հայրենին է, դժվար է գտնել այս մեծ աշխարհի մեկ այլ եզերքում

Ավելի սուրբ հող, քան մեր հայրենին է, դժվար է գտնել այս մեծ  աշխարհի մեկ այլ եզերքում
24.05.2013 | 12:01

Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի պատումը ծայր է առնում հեռավոր 1988 թվականից, երբ ֆիլմում հանդես եկող կերպարներից մեկի` հանրածանոթ Ռուբեն Հախվերդյանի խոսքերով` ապրում էինք ինտերնացիոնալիզմի, գլաստնոստի ու համանման կարգախոսների ներքո` թաթներս վեր պարզած: Թե ինչ կարգախոսի ներքո և ում կամ ինչի դեմ վեր պարզած թաթերով ենք ապրում այսօր, դժվար է ասել, սակայն մի բան անվիճելի է. 1980-90-ականներից սկսած` մեր կյանք մտավ տարագրության անխոնջ ցեցը և դարձավ մեզ համար ազգային կացութաձև:

Ո՞վ է Հարություն Խաչատրյանի հերոսը, որի անձի շուրջ է կառուցվել «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» կինոպատումի «Հայկ. Փախուստ» ֆիլմը:
Անկախության նախօրեին նա իր ռեժիսորական հմտություններն է փորձել «իրացնել» հայրենի Դիլիջան քաղաքում, սակայն, չգտնելով ինքնադրսևորման բավարար հնարավորություններ, բռնել է դեգերումների ուղին և իր առջև դրել մի մեծ նպատակ` հորինել իր իսկ կյանքի դրամատուրգիան և բեմադրել սեփական ոդիսականը աշխարհի տարբեր ծագերում:
«Ոսկե ծիրանի»` Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Visions Sud Est զարգացման և համագործակցության աջակցությամբ և Ամստերդամի Jan Vrijman հիմնադրամի մասնակցությամբ նկարահանված այս ֆիլմը (սցենարի հեղինակներ` Հարություն Խաչատրյան, Միքայել Ստամբոլցյան) վկայությունն է վավերագրող Հարություն Խաչատրյանի համառ-հետևողական պրոֆեսիոնալիզմի. նրան հանգիստ չի տալիս այն նյութը, որին ինքը մեկ անգամ անդրադարձել է ու այն հասցրել պայմանական մի հանգրվանի, որից հետո ոչ թե դրել է վերջակետ, այլ կախման կետեր:
«Քամին ունայնության» ֆիլմով սկսված պատումաշարը, որից առանձին պատառիկներ են ներառված «Հայկ. Փախուստ» ֆիլմում, հասնում է մինչև մեր օրերը: Ֆիլմի լուսագրերը ծանուցում են, որ վերջին նկարահանումները կատարվել են 2012-ին` Մոսկվայի մերձակայքում:
Ֆիլմը սկսվում է Մոսկվայի Սբ. Հարություն հայկական եկեղեցու ժամերգության տեսարանով. հնչում է տերունական աղոթքը: Մի քանի տասնյակ հավատացյալների մեջ առանձնանում է ինքն իր մեջ ամփոփված, ասես իր առանձին երկխոսությունն Աստծու հետ մտմտացող, իր ասելիքի անորոշության մեջ խարխափող, կցկտուր ժեստերով խաչակնքող, վախվորածությունը քողարկել ձգտող հայը: Դժվար է հասկանալ, թե ինչն է նրան բերել հայկական եկեղեցի. նպատակներն Աստծո զորությամբ իրագործելու ձգտո՞ւմը, մեղքերի թողություն ստանալու ակնկալի՞քը, կորցրածը հետ բերելու վերջին հո՞ւյսը, աննպատակ գոյությունն ինչ-որ կերպ իմաստավորելու փափա՞գը…
Հետո կինոքրոնիկան մեզ տեղափոխում է Հեռավոր Արևելք` Տիր գյուղ, ուր հանգրվանել է դեռևս երիտասարդ Հայկը և ճգնում է պատասխանել իր համար էլ պատասխան չունեցող հարցին. «Ի՞նչն է իրեն բերել-հասցրել աշխարհի այս հեռավոր անկյունը»: Պատասխանի փնտրտուքի մեջ շրջանառվում են տարբեր հիմնավորումներ. ինքն իրենից է փախչում, ինքը միշտ ազատություն է փնտրել, իրեն հրապուրում է անկշռելիության վիճակը, գեոպոլիտիկ անցուդարձերին հայ ժողովուրդը ճիշտ չի արձագանքել, Լենին ու Աթաթուրք են եղել… Տրամաբանական հիմնավորումից գրեթե զուրկ մեկնաբանություններ, պրկված, ջղաձիգ դիմախաղ, իր որոնելիքը չիմացող տարագիր հայ, որ փորձում է ինքն իրեն համոզել իր իրավացիության մեջ: ՈՒ այդ ջղակծկումի մեջ իր համար էլ անսպասելի դուրս է պոռթկում պահի տակ ծնված, լիովին չգիտակցված, սեփական արարքի մակարդակում իր իսկ մերժած ճշմարտությունը. «Ավելի լավ է քո հողում մնաս որպես չքավոր, քան մեկ ուրիշ տեղ` որպես թագավոր»:
15 տարի անց` 2003-ին, Ռուսաստանի ձյունածածկ անտառում իր հերոսի հետ անկեղծ զրույցի բռնված ռեժիսորը շարունակում է վավերագրել Հայկի կերտած «թագավորության» անկյունաքարային դրվագները: Հայկն իր կյանքի պատմությունն է շարադրում, որն արկածային ժանրի վեպ է հիշեցնում` վատ քողարկված ռոմանտիկ նրբերանգներով. տարիքն առած տղամարդը հիշում է, թե ինչպես է հասել Կամչատկա, ինչպես է բեմադրել Վիլյամ Սարոյան, ինչպես է ձկնորսական նավի վրա վաստակել մեծ գումարներ, ինչպես է 17 տարի ուշացումով ամուսնացել սիրած աղջկա հետ, առաջնեկ որդու ծնունդն ու մահը վերապրել, երկու դուստր ունեցել, որոնց հետ լուսանկարվել է տարիներ առաջ ու լուսանկար-մասունքը կարոտով պահում է գրպանում… Հետո եղել է բաժանում ընտանիքից ու նոր արկածների անկասելի տարափ, որը 2005-ին նրան հասցրել է Կլիմովսկ, 2007-ին` Մոսկվա, 2010-ին` Մոսկվայի մերձակայք:
Հայկի մենախոսություն-երկխոսությունը իրապատում դյուցազնավեպ է հիշեցնում` շարադրված հենց հերոսի կողմից: Սակայն անհավատալի թվացող արկածաշարի ճարտար ասացողը կարծես ամեն անգամ թևաթափ է լինում, երբ զրուցակիցը կտրուկ ընդհատում է զարմանահրաշ պատումաշարն ու զրույցի սլաքը փորձում ուղղել դեպի Հայկի խորտակված անձնական կյանքի պատմություն: Հայկի հայացքը դառնում է վախվորած, աչքերում հայտնվում է մեծ ափսոսանքը: Նա կարծես դատապարտում է զրուցակցին այդ հարցի համար. չէր սպասում նման դաժանություն, պատրաստ չէ քչփորելու չստացված անձնական կյանքը, աղ լցնելու մխացող վերքին: ՈՒ թերևս սա է պատճառը, որ արջերի հետ համակեցության, ծովային հսկաների հետ մենամարտերի, սիբիրյան ու մոսկովյան սահմռկեցուցիչ իրականության մասին մանրամասնությունները չշրջանցող Հայկն այդպես էլ մինչև վերջ չի պարզաբանում իր անձնական կյանքի պատմությունը, չի պատմում այն մասին, թե ինչու են ինքն ու իր ընտանիքը հայտնվել կյանքի հակադիր խրամատներում:
ՈՒ այս համընդհանուր ֆոնին մետաֆորի նման ֆիլմի տարբեր կադրերում վեր են հառնում ռուսական գործարանն ու հսկա ծխնելույզները (Հայաստանում դրանց չառկայությունից չե՞ն ծայր առնում հայկյան դեգերումները. գուցե սա է ակնարկում ռեժիսորը, գուցե և՝ ոչ) և պանդուխտի չարչրկված ուսապարկն ու հրացանը, որ թե՛ տունդրայի մարդախույս ծայրամասերում են Հայկի հետ, թե՛ մոսկովյան խելահեղ կյանքի բավիղներում:
2012 թվական, Մոսկվայի մերձակայքում արված վերջին նկարահանումներ: Հայկը, դատելով մեկ-երկու բառից, այնուամենայնիվ, սարքել է իր բաժին թագավորությունը՝ ընդունված պատկերացումների սահմաններում, բայց իրենով, իր իսկական պատմությամբ հետաքրքրվողներին ցույց է տալիս ոչ այդ ցուցադրական դրախտը, այլ այն վայրիվերո, փնթի խլյակը, որն իր ապաստան-կացարանն է ամեն օր մի քանի հայ զոհաբերող ամենակուլ Մոսկվայում: Եվ հենց այս տեսարանում բանաձևվում է Հայկի երազանքը՝ շքեղ մեքենա կանգնեցնել հայրենի գյուղի՝ Կարմիրի շրջանի Վերին Ճամբարակի պապական տան դռանն ու մտածել «թագաժառանգի»` որդու մասին, որի չգոյության համար իրեն դատապարտում են նախնիներն այն աշխարհից:
Այսինքն՝ աշխարհի հեռավոր ծագերում դեգերումներից ուժասպառ, արկածների անհատակ անդնդում թրծված, թափառումի մսաղացով անցած ու ինչ-որ օրինաչափ հրաշքով դուրս պրծած հայ տղամարդը հայտնվում է ավանդույթի ելակետում. կառուցել տուն, ունենալ որդի, դե՜, երևի նաև՝ ծառ տնկել:
ՈՒ հենց այստեղ էլ ծնվում է պարադոքսը. շքեղ ավտոմեքենա, տասնամյակների անտերությունից հետո շենացած, նորոգ պապական տուն, նախնիների հիշատակի արժանապատիվ խնկարկում, գյուղի հնամյա վանքի վերանորոգում, մեծ ու փոքր ներդրումներ համընդհանուր բարեկեցության գործին… Հենց այսօրինակ «տրիումֆալ» վերադարձն է այն գայթակղիչ խայծը, որով հափշտակվում են տարագրության ճամփան բռնող հայորդիներն ու գնում` կրկնելու Հայկի խութաշատ ուղին: ՈՒ ցավոք, նոր փախուստների համար հիմքեր դեռ կան. սեփական հողում բախտի թռչուն որսալու փորձերն առայժմ ապարդյուն են մեր ազգի համար: Մնում է միայն աղոթել, որ յուրաքանչյուր հայի «անվերջ փախուստը» հանգուցալուծվի որպես «հավերժ վերադարձ»:
Իսկ մինչ այդ փախչողներին, չփախչողներին, վերադարձողներին, չվերադարձողներին խորհուրդ ենք տալիս Հարություն Խաչատրյանի «Հայկ. Փախուստ» ֆիլմը դիտելիս էմոցիոնալ հավասարակշռությունը չկորցնել հատկապես այն հատվածներում, երբ նորօրյա պանդուխտ հայը հնչեցնում է հնօրյա «Կռունկը», իսկ «Դիսկոտեկա Ավարիան» ազդարարում է հայերիս հետ ոչ մի կապ չունեցող Ամանորի գալուստը օտար աշխարհում:
Վերջին տասնամյակներում գրեթե յուրաքանչյուրիս ընտանիքում էլ բույն է դրել պանդխտության համախտանիշը: ՈՒ բոլորս էլ մեր կռիվն ունենք այդ հրեշի հետ: Այդ է պատճառը, որ «Հայկ. Փախուստ» ֆիլմը դիտելիս սկսում ես տարուբերվել հակասական զգացողությունների ու դատողությունների արանքում: Անձամբ ես ֆիլմը դիտելուց հետո օրեր շարունակ կռիվ էի տալիս Հայկի, Հարություն Խաչատրյանի, Հայաստանը մեկ տասնամյակից ավելի լքած հարազատ եղբորս, նաև` ինքս ինձ հետ: Բայց հետո սկսեցի կարեկցել ու շա՜տ սիրել մեզ բոլորիս: ՈՒ մի քիչ էլ հավատալ այն հեքիաթին, որ երբևէ կլինի «հավերժ վերադարձ»: Չէ՞ որ բոլորիս վերջին հանգրվանը հողն է, ինչպես ակնարկվում է ֆիլմը եզրափակող կադրերում (Մոսկվա, հայկական գերեզմանատուն), իսկ եթե այդպես է, ապա ավելի սուրբ հող, քան մեր հայրենին է, դժվար է գտնել այս մեծ աշխարհի մեկ այլ եզերքում:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ